Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.06.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ` ՀՀ-ՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
Ս.թ. հունիսի 20-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի (ՌՏՄԱ) 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՌՏՄԱ-ի ռեկտոր Ե. Ն. Տրոֆիմովը և այլ պատվավոր հյուրեր: Միջոցառման ընթացքում պատվոգրեր հանձնվեցին տուրիզմի ոլորտում իրենց ներդրումն ունեցած մարդկանց և հիշատակվեցին կառույցները, որոնց թվում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը՝ Հայաստանում գիտական տուրիզմի նախաձեռնողը:
Դեռևս 2016թ-ին ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի նախաձեռնությամբ Տուրիզմի հայկական ինստիտուտում բացվեց Գիտական տուրիզմի ամբիոն: Գիտական տուրիզմի ամբիոնն իր գործունեության շրջանակներում կազմակերպում է կոնֆերանսներ, այցելություններ դեպի գիտական այցելավայրեր (գիտական բնույթի հնավայրեր, միջնադարյան համալսարաններ, ժամանակակից գիտական ինտիտուտներ և գիտությանն առնչվող թանգարաններ), զբաղվում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողների՝ տուրիզմի թեմայով կուրսային, դիպլոմային և մագիստրոսական թեզերի ղեկավարմամբ:
Ներկայումս ԲԱ-ն իրականացնում է աստղագիտական տուրիզմի միջազգային նախագիծ՝ ուղղված Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին։
Մելինե Ասրյան