Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 03.06.2019
ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏ ՀՐԱՆՏ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
![](images/043.jpg)
Հունիսի 3-ին լրանում է Բյուրականի աստղադիտարանի և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկի` պրոֆ. Հրանտ Թովմասյանի 90-ամյակը:
Հրանտ Թովմասյանի բազմաթիվ գիտական արդյունքները, ինչպես նաև վարչական, մանկավարժական, խմբագրական և կազմակերպչական գործունեությունը դժվար է գերագնահատել: Նրա բեղուն ստեղծագործական կյանքի մեծ մասն անցել է Բյուրականի աստղադիտարանում, իսկ ներկայումս հաջողությամբ շարունակվում է նաև Մեքսիկայում: Նրա անվան հետ է կապված ռադիոաստղագիտության ոլորտում հայ աստղագիտության նվաճումների զգալի մասը, իսկ վերջին տարիներին նա կարևոր գիտական արդյունքներ է ստացել նաև աստղագիտության այլ բնագավառներում:
Հրանտ Մուշեղի Թովմասյանը ծնվել է 1929թ. հունիսի 3-ին Երևանում: 1948թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզմաթ. ֆակուլտետը, որն աստղաֆիզիկա մասնագիտությամբ ավարտել է 1953թ-ին: Այդ թվականից նրա կյանքն ու գործունեությունը կապվում են Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հետ: 1953-1956թթ. սովորել է ԲԱ կից ասպիրանտուրայում և 1958թ-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ «Ինտերֆերոմետրիկ ռադիոդիտակների զգայնության բարձրացումը» թեմայով (Ս. Ե. Խայկինի ղեկավարությամբ): 1968-1972թթ. եղել է ԲԱ գիտական քարտուղարը, 1969թ-ին պաշտպանել է դոկտորական թեզ «Գալակտիկաների և գալակտիկաների կույտերի ուսումնասիրություն օպտիկական և ռադիո եղանակներով» թեմայով, 1972-1992թթ. եղել է լաբորատորիայի վարիչ, 1979-1986թթ.` ԲԱ գիտական գծով փոխտնօրեն, 1986թ-ից` առաջատար գիտաշխատակից և գիտական թեմատիկ խմբի ղեկավար: 1967-1992թթ. դասավանդել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում, 1986թ-ից` պրոֆեսոր: 1992թ-ից աշխատում է Մեքսիկայի Աստղաֆիզիկայի, oպտիկայի և էլեկտրոնիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա) որպես ամենաբարձր` «C» տիտղոսի հետազոտող: Տարբեր տարիներին աշխատել և հիմնականում ռադիո դիտումներ է իրականացրել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի և Հարավային Կորեայի աստղադիտարաններում: Բազմաթիվ թեզերի ղեկավար է թե՛ Հայաստանում և թե՛ Մեքսիկայում:
Հ. Թովմասյանի աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը, տիեզերական (արտամթնոլորտային) աստղագիտությանը, OB աստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, բռնկվող աստղերին: Հիմնական գիտական արդյունքներից կարելի է նշել գալակտիկաների կենտրոնական տիրույթների բյուրականյան դասակարգումը և նրանց ռադիոդիտումները, Մարգարյանի գալակտիկաների ռադիոդիտումները և ակտիվության տարբեր դասերի օբյեկտների մոտ ռադիոճառագայթման հզորության բացահայտումը, գալակտիկաների խմբերի և կույտերի, ինչպես նաև աստղակույտերի ռադիոճառագայթման ուսումնասիրությունը, բռնկվող աստղերի մոտ արագ բռնկումների հայտնաբերումը, տիեզերական գերմանուշակագույն դիտակներով OB աստղասփյուռների ուսումնասիրությունը, Բյուրականի երկրորդ շրջահայության օբյեկտների սպեկտրային ուսումնասիրությունը, կոմպակտ գալակտիկաների և կոմպակտ խմբերի ուսումնասիրությունը և այլն: Հ. Թովմասյանը նաև զգալի ներդրում ունի աստղագիտական գործիքաշինության մեջ: Նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ իրականացվեցին «Գլազար» (1987) և «Գլազար-2» (1990) տիեզերական աստղադիտարանները, «Աշոտ» (1988) տիեզերական աստղադիտարանի նախագիծը, «Աստրոն» տիեզերական աստղադիտարանի օֆսեթ ուղեկցող համակարգը (1984) և Երկխողովակ արագ լուսաչափը (1987): Թովմասյանը 1969-1991թթ. եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, 1969-1986թթ.` «Աստղաֆիզիկա» հանդեսի, իսկ 1975-1996թթ.` «Земля и Вселенная» համամիութենական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Նա եղել է ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների, Համամիութենական աստղագիտական-գեոդեզիական ընկերության (ВАГО, 1975-1983) խորհրդի, ԽՍՀՄ ԳԱ և կառավարության տիեզերական աստղագիտության միացյալ խորհրդի (1978-1991), ինչպես նաև մի շարք գիտական ընկերությունների անդամ: ՄԱՄ (1967), ԵԱԸ (1990) և ՀԱԸ (2002) անդամ է: 1985-ին «Աստրոն» տիեզերական նախագծի համար արժանացել է Հայկ. ԽՍՀ պետական մրցանակի: Հ. Թովմասյանը 12 գրքերի, 175 գիտական հոդվածների և մի քանի տասնյակ գիտաժողովների նյութերում աշխատանքների հեղինակ է: Առավել կարևոր գրքերից են՝ «Աստղագիտություն: Ձեռնարկ միջն. դպրոցի համար» (1970, 1971, 1973, հեղինակակիցներ` Մ. Ա. Առաքելյան, Ա. Տ. Քալլօղլյան, Լ. Վ. Միրզոյան), «Մոլեգին գալակտիկաներ» (1974), «Ռադիոաստղագիտություն» (1976), «Взрывающиеся миры» (1979), «Внегалактические источники радиоизлучения» (1986), «Ռադիոգալակտիկաներ» (1987):
Մելինե Ասրյան