Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.05.2019
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Տիեզերական գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման ներկա դարաշրջանում Հայաստանը նույնպես փորձում է այդ միտումներին համաքայլ լինել։ Սակայն նման գործընթացին էական մասնակցություն ցուցաբերելու համար հատկապես զգացվում է մասնագետների պակասը: ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով տարածաշրջանային կենտրոն, փորձում է լրացնել այդ բացը և հնարավորություն է տալիս հայ և տարածաշրջանի երիտասարդներին մասնակցել բարձրակարգ դասախոսությունների և գործնական դասընթացների:
Ս. թ. սեպտեմբերի 2-6-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի «Տիեզերական գիտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց» (https://urlzs.com/c78ww), որը նպատակ ունի մեկ ոլորտի շուրջ համախմբել սկսնակ աստղագետների, ինժեներների և մի շարք այլ մասնագետների, նպաստել նրանց գիտական առաջընթացին, ստեղծել հաղորդակցվելու տիրույթ և մեծացնել օտար մասնագետների ներգրավվածությունը տարածաշրջանում:
Դպրոցի թեմաներն են՝
- տիեզերական աստղագիտություն՝ տիեզերական աստղադիտարաններ, տիեզերական տվյալներ և շտեմարաններ,
- տիեզերական վտանգներ՝ աստղակերպեր և երկնաքարեր,
- տիեզերական թռիչքներ, տիեզերագնացություն,
- տիեզերական անվտանգություն և պաշտպանություն,
- տիեզերական տրանսպորտ,
- հաղորդակցություն՝ համացանց, հեռախոսային կապ, հեռուստատեսություն և այլն,
- տիեզերական աղբ և տիեզերական տարածության էկոլոգիա,
- տիեզերական սարքավորումներ և տեխնոլոգիաներ,
- տիեզերական կլիմա,
- Երկրի դիտումներ և հեռազննում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը: Հայտադիմումը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://urlzs.com/iBh8g
Դպրոցի կազմակերպիչներն ու հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, Միջազգային աստղագիտական միությունը, Աստղագիտության զարգացման համաշխարհային կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը:
Մելինե Ասրյան