Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.05.2019
ՎԻՐՏՈՒԱԼ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԼՅԱՆՍԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ
Ս.թ. մայիսի 12-17-ին Փարիզի աստղադիտարանում տեղի ունեցավ Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) փոխգործակցության խորհրդակցությունը (Interoperability Meeting): Վիրտուալ աստղադիտարանների (ՎԱ, VO) նախագծերը ստեղծվել են մի շարք երկրներում՝ աստղագիտական տվյալների ստանդարտացման, տվյալների մշակման և վերլուծության ավտոմատ ծրագրային ապահովման ստեղծման և հետագա գիտական հետազոտությունների համար առավել արդյունավետ միջավայրի ապահովման նպատակով։ ՎԱՄԱ-ն հիմնադրվել է 2002 թ-ին և ներկայումս միավորում է 21 ազգային նախագիծ, այդ թվում Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO)։ ՎԱՄԱ-ն ունի 6 աշխատանքային խումբ և 7 թեմատիկ խումբ, ինչպես նաև Տեխնիկական համակարգման խումբ (TGC) և Գիտական առաջնահերթությունների հանձնաժողով (CSP)։ ՎԱՄԱ-ն փոխգործակցության խորհրդակցություններ է անցկացնում տարեկան երկու անգամ (Փարիզի խորհրդակցությանը ներկա էր 126 մասնակից), և ևս մի քանի քննարկում կազմակերպվում է հեռակոնֆերանսի (teleconference) տեսքով։ ՎԱՄԱ-ն կազմակերպում է նաև տարեկան կանոնավոր խորհրդակցություններ՝ «Աստղաֆիզիկական տվյալների վերլուծություն և ծրագրային համակարգեր» (ADASS) թեմայով:
Հետաքրքրական է, որ ՎԱՄԱ-ի մյուս 20 անդամները եվրոպական երկու նախագծերն են (Euro-VO և ESA) և աշխարհի ամենաառաջատար երկրների ՎԱ նախագծերը՝ ԱՄՆ, Կանադա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Ավստրալիա, Ռուսաստան և այլն, և Հայաստանն իր հաջողություններով տեղ է գրավել նման կոնսորցիումում։ ՀՎԱ-ն ստեղծվել է 2005թ․-ին՝ Մարգարյանի շրջահայության թվայնացման նախագծի հիման վրա, երբ հայ աստղագետները ստեղծեցին էլեկտրոնային գիտության իրենց տարբերակը՝ 20 մլն տիեզերական օբյեկտների աշխարհում ամենամեծ սպեկտրային տվյալների հսկայածավալ շտեմարանը։
Փարիզի խորհրդակցությանը մասնակցում էր ՀՎԱ հիմնադիր և ղեկավար Արեգ Միքայելյանը, ով նաև ՎԱՄԱ գործադիր կոմիտեի անդամ է: Նա մասնակցեց նաև վերջինիս աշխատանքներին, որտեղ քննարկվեցին բազմալիքային (multi wavelength` օպտիկական, ռադիո, ռենտգենյան, ենթակարմիր, գերմանուշակագույն և գամմա-ալիքային) և բազմասուրհանդակ (multi messenger` էլեկտրամագնիսական ալիքային, նեյտրինային, գրավիտացիոն ալիքային և այլ) աստղագիտության զարգացման առաջիկա հեռանկարները։
ՀՎԱ և ՎԱՄԱ վերաբերյալ հարցազրույցը կներկայացնենք առաջիկա օրերին։
Մելինե Ասրյան