Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.05.2019
ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԱՅԲՖՄ» ՌԱԴԻՈՅՈՎ
Մայիսի 14-ին Փարիզի հայկական «ԱՅԲՖՄ» (aypfm.fr) ռադիոյի հյուրն էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը, ով Փարիզում է գտնվում գիտական գործուղումներով։ Սա «ԱՅԲՖՄ»-ով Ա․ Միքայելյանի արդեն 3-րդ հարցազրույցն էր, սակայն վերջինը տեղի էր ունեցել շուրջ 10 տարի առաջ։
Զրույցն ընթացավ ներկայումս աշխարհում աստղագիտության դերի, ԲԱ ներկայիս վիճակի, աշխարհի տարբեր երկրներում աշխատող հայ աստղագետների և ընդհանրապես հայ գիտնականների, Հայաստանում գիտության բարեփոխումների և հայ աստղագետների միջազգային ակտիվության մասին։
Մասնավորապես նշվեց, որ չնայած Վիկտոր Համբարձումյանից և մեր մյուս անվանի աստղագետներից հետո գիտական ներուժի զգալի նվազմանը` ԲԱ ներկայումս էլ մեծ հաջողություններ է գրանցում միջազգային համագործակցությունների և միջազգային ինտեգրման ասպարեզում։ 1999-2001-ին ստեղծվեց Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), որը մեծ դեր խաղաց աշխարհի տարբեր երկրների հայ աստղագետներին միավորելու հարցում։ 2002-2005-ին թվայնացվեց Մարգարյանի հանրահայտ շրջահայությունը և ստեղծվեց աշխարհում ամենամեծ սպեկտրադիտական տվյալների շտեմարանը (DFBS), որի հիման վրա 2005-ին ստեղծվեց Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ), իսկ 2011-ին Մարգարյանի թվայնացված շրջահայությունն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական արժեքների ցանկում։ 2013-ին ԲԱ ՀՀ կառավարության կողմից ճանաչվեց Ազգային արժեք։ 2015-ին Հայաստանը՝ ի դեմս ԲԱ, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից ճանաչվեց Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ 2000-ականներին ԲԱ-ում կազմակերպվեցին մի շարք միջազգային գիտաժողովներ, այդ թվում ՄԱՄ պաշտոնական գիտաժողովներ և Եվրոպական աստղագիտական համագումար (2007)։ 2006-ին հիմնադրվեց Բյուրականյան միջազգային ամառային դպրոցների (BISS) շարքը, որի շրջանակներում արդեն անցկացվեց 6 դպրոց։ 2009-ին հիմնադրվեց Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը, որը երկու տարին մեկ անգամ շնորհվում է աշխարհահռչակ գիտնականների։
Վերջում նշվեց, որ կարևորագույն հանգամանք է երիտասարդ կադրերի ներգրավումը, ինչի շնորհիվ մեծ հույս կա, որ Բյուրականում գիտությունը կշարունակվի ժամանակակից մակարդակով։
Մելինե Ասրյան