Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.05.2019
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Շուրջ երկու տարի է, ինչ ընթանում է հայ-գերմանական համագործակցությունը հայկական (ArVO) և գերմանական (GAVO) վիրտուալ աստղադիտարանների միջև։ Հայաստանից նախագծին մասնակցում են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, իսկ Գերմանիայից՝ Հայդելբերգի Հաշվողական աստղագիտության ինստիտուտի (ARI) գիտնականները։ Հիմնական աշխատանքն ուղղված է Մարգարյանի շրջահայության ցածր դիսպերսային սպեկտրերի արտաբերման և վերլուծության համար վիրտուալ աստղադիտարանների շրջանակներում ծրագրային ապահովում պատրաստելուն, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում մեծ թվով սպեկտրների ավտոմատացված չափումը, ուսումնասիրությունը և դասակարգումը հետագա արդյունավետ գիտական հետազոտությունների համար։
2017-2019 թթ․ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ այցելություններ՝ համատեղ աշխատանքի, աշխատաժողովներին մասնակցելու, ամառային դպրոցներում դասախոսությունների և հրավիրված սեմինարների նպատակով։ 22 այցելությունների արդյունքում Հայաստանից Գերմանիա են գործուղվել ընդհանուր առմամբ 11 հոգի, այդ թվում նախագծի հայկական կողմի ղեկավար Արեգ Միքայելյանը, 5 գիտաշխատող և 5 ուսանող։ GAVO թիմից վիրտուալ աստղադիտարանների աշխատաժողովի անցկացման և Բյուրականյան միջազգային ամառային դպրոցում դասախոսությունների համար Հայաստան են այցելել Հենդրիկ Հայնլը և Մարկուս Դեմլայթները։ Վերջինս աստղաինֆորմատիկայի ոլորտում եվրոպական լավագույն մասնագետներից է։
Հիշեցնենք, որ Մարգարյանի շրջահայությունը եզակի դիտողական նյութ է ամբողջ աշխարհում և դրա թվայնացված տարբերակը 2011թ․-ին ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական արժեքների ցանկում։
Մելինե Ասրյան