Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.04.2019
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Սկիզբ դրվեց ևս մեկ համագործակցության:
Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Պայմանագիրը ստորագրեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը և ՀԱՊՀ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը։
Սույն պայմանագրով նախատեսվում է աստղադիտարանում անցկացնել հետազոտական և արտադրական գործնական պարապմունքներ: ՀԱՊՀ-ի կողմից ներկայացված օրացույցային պլանին համապատասխան՝ ուսանողների հետազոտական և արտադրական պրակտիկայի համար հատկացվելու է 10 տեղ:
Աստղադիտարանի առաջատար մասնագետների և ՀԱՊՀ-ի կողմից նշանակված պրակտիկայի ղեկավարների համատեղ ջանքերով ուսանողների համար կկազմակերպվեն դասախոսություններ նախապես ընտրված թեմաներով: Ուսանողներին հնարավորություն կընձեռվի օգտվել աստղադիտարանի լաբորատորիաներից, աշխատասենյակներից, գրադարանից, արհեստանոցներից և տարբեր միջոցներից: Նրանց կտրամադրվի նաև անհրաժեշտ գիտական խորհրդատվություն:
Մելինե Ասրյան