Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.04.2019
Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2019թ. դրամաշնորհների հանձնումը
Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի ունեցավ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2019 թվականի դրամաշնորհների հանձնումը: Հանձնվեց ընդամենը 27 դրամաշնորհ, որոնց թվում՝ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) ավագ գիտաշխատողներ Կամո Գիգոյանի և Արթուր Հակոբյանի ղեկավարած 2 խմբերը:
ANSEF-ը ստեղծվել է 2000թ-ին Նյու Յորքում ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդ) հովանու ներքո: ANSEF-ի նպատակն է նպաստել հայ գիտական մտքի զարգացմանը, աջակցել ինչպես երիտասարդ, այնպես էլ վաստակաշատ և փորձառու գիտնականներին: ANSEF-ի հետազոտական հանձնախմբի նախագահն է ամերիկահայ նշանավոր աստղաֆիզիկոս, Քորնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանը:
19 տարվա ընթացքում ANSEF հետազոտական խորհրդին ներկայացված 2670-ից ավելի հայտերից դրամաշնորհ են ստացել 488 գիտական խմբեր (1824 գիտնականներ): Այսպիսով, ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմում է 2 մլն 440 հազար ԱՄՆ դոլար:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին երիտասարդ գիտնականներն ավելի ու ավելի հաճախ են արժանանում ANSEF դրամաշնորհների:
Աստղագետները շահում են տարեկան միջինում մոտ 3 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր խմբում ընդգրկելով 3-4 գիտաշխատող: 19 տարվա ընթացքում միայն ԲԱ-ից 28 թիմ շահել է 42 դրամաշնորհ, իսկ այլ կազմակերպություններից՝ ևս 7 թիմ 9 աստղագիտական թեմաներով դրամաշնորհ:
Գիտական այս մրցույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են դիմել գիտական բոլոր ինստիտուտների և գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները:
Մելինե Ասրյան