Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.04.2019
ՍԵՎ ԽՈՌՈՉԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱ՞ՐԸ
Ս. թ. ապրիլի 10-ին Event Horizon Telescope նախագծի գիտնականները հրապարակել են սև խոռոչի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը: Այն Կույսի կույտում, մեզանից 55 մլն լուսատարի հեռավորության վրա գտնվող Մեսիե 87 (Մ87) հանրահայտ ռադիոգալակտիկայի կենտրոնում է։ Նկարում երևում է պայծառ օղակ. լույսն ուժեղ ձգողականության պատճառով կուտակվել է սև խոռոչի շուրջ, որը 6,5 միլիարդ անգամ ավելի զանգվածեղ է քան Արեգակը: Համարվում է, որ այս նկարն ապացույց է այն բանի, որ հսկայական սև խոռոչները գոյություն ունեն: Լուսանկարը ստացվել է Երկրի վրա տարբեր կետերում տեղադրված 8 ռադիոդիտակներով այնպես, որ կարծես Երկրագունդն օգտագործվել է որպես մի վիրտուալ աստղադիտակ։
Նշենք, որ սև խոռոչն արդեն իսկ անվանում է ստացել: Ինչպես հայտնում է The Guardian-ը, Հավայան կղզիներից լեզվաբան Լարի Կիմուրան սև խոռոչն անվանել է Պոուեհի: Համացանցում այս պատմական իրադարձությունը լայն արձագանք է ստացել: Գուգլ-ում արդեն կարելի է տեսնել Մ87 գալակտիկայի այս սև խոռոչի դուդլը (https://g.co/doodle/xy7hg), որի մեջ ամեն ինչ կլանվում է։
Սև խոռոչն ամենաառեղծվածային մարմինն է տիեզերքում, այն շրջապատված է իրադարձություների հորիզոնով, որը կլանում է նույնիսկ լույսի քվանտը և արդյունքում նրանից ոչինչ դուրս չի գալիս: Սև խոռոչները տասնամյակներ շարունակ շարժել են գիտնականների և այլ մարդկանց երևակայությունը, իսկ այս լուսանկարի շնորհիվ, իհարկե, նոր ճանապարհներ կբացվեն դրանց ուսումնասիրության համար:
Մելինե Ասրյան