Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.04.2019
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ս.թ. ապրիլի 13-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի Տիեզերագնացության միջազգային օրվան նվիրված ամենամյա երաժշտական փառատոնը:
Փառատոնի նպատակն է միավորել արվեստն ու գիտությունը, նպաստել էլեկտրոնային երաժշտության զարգացմանը Հայաստանում, ակումբային երաժշտասերների մոտ առաջացնել հետաքրքրություն դեպի տիեզերագիտություն և վերականգնել Տիեզերագնացության միջազգային օրը նշելու մոռացված ավանդույթը։ Փառատոնի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան անցկացնել հաճելի և ուսուցողական ժամանց։
Նշենք, որ ապրիլի 12-ը մարդկային պատմության ամենանշանավոր օրերից մեկն է։ 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ տիեզերագնաց Յուրի Գագարինը համաշխարհային պատմության մեջ դարձավ առաջին մարդը, ով թռիչք կատարեց դեպի բաց տիեզերական տարածություն՝ «Վոստոկ-1» տիեզերանավով 1 պտույտ կատարելով Երկրի շուրջը: Ընդամենը 108 րոպե տևած այս թռիչքը բեկումնային եղավ տիեզերքի յուրացման գործում։ Այդ օրվանից ի վեր՝ ապրիլի 12-ը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը և տոնվում է որպես Տիեզերագնացության միջազգային օր։
60-ականներին ամբողջ աշխարհում՝ հատկապես ԽՍՀՄ-ում, սկսվեց տիեզերական դարաշրջանի արշալույսը։ Հայաստանը, լինելով Սովետական Միության կազմում, իր նշանակալից ներդրումն ունեցավ տիեզերագնացության մեջ։ Վ. Համբարձումյանը և Գ․ Գյուրզադյանն իրենց գիտական համագործակցությամբ մեծ ճանապարհ բացեցին տիեզերքի ուսումնասիրության համար։ Համբարձումյանը հիմնադրեց Բյուրականի աստղադիտարանը, որը համաշխարհային հռչակ ձեռք բերեց և շարունակում է մեծ դեր խաղալ տիեզերագնացության պատմության մեջ։
Էլեկտրոնային երաժշտության սիրահարններից շատերը երաժշտությունն ասոցացնում են տիեզերքի հետ։ Տիեզերական թեմատիկան անգամ առանձնացել է որպես էլեկտրոնային ժանրի առանձին ուղղվածություն։ Կարծիք կա, որ այս երաժշտությունը տիեզերական ձայները մարդկությանը հասանելի դարձնելու լավագույն միջոցն է: Այն թույլ է տալիս մադուն ապրել թռիչքի զգացողություն, պատկերացնել իրեն տիեզերքում կամ որևէ անիրական աշխարհում։
Փառատոնի մանրամասների մասին կարող եք անցնել հետևյան հղումներով՝
https://bit.ly/2CZrUqa
https://www.facebook.com/VOSTOK1.AM/
https://bit.ly/2KfBkUK
Մելինե Ասրյան