Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 06.04.2019
Այս տարի նշվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
հիմնադրման 100-ամյակը
Այս տարի Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) տոնում է իր հիմնադրման 100-ամյակը: Նշենք, որ ՄԱՄ-ը հիմնադրվել է 1919թ-ին Բրյուսելում:
Ս. թ. ապրիլի 11-13-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում, կտրվի ՄԱՄ-ի 100-ամյակին նվիրված համալիր միջոցառումների պաշտոնական մեկնարկը:
Առաջին միջոցառումը կկայանա ապրիլի 11-12-ին Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում: Այն կկրի «100 տարի մեկ երկնքի տակ» խորագիրը: Միջոցառմանը պաշտոնական հրավերով ներկա կգտնվի ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Իսկ ապրիլի 13-ին ՄԱՄ-ը կկազմակերպի սիրող աստղագետների համար իր անդրանիկ միջոցառումը: Այս հանդիպումը նպատակ է հետապնդում ապագայում կապեր ստեղծել սիրող աստղագետների, նրանց կազմակերպությունների և ՄԱՄ-ի միջև:
Տեղեկացնենք, որ այս նշանակալից իրադարձությանը՝ ՄԱՄ-ի գործունեության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ողջ տարվա ընթացքում: Նպատակն է բարձրացնել մեկդարյա աստղագիտական հայտնագործությունների մասին իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև աջակցել աստղագիտությունը որպես կրթական գործիք օգտագործելուն:
Համաշխարհային մակարդակով անցկացվող հազարավոր միջոցառումների շարքում տոնվելու են նաև մի շարք նշանակալից իրադարձություններ, ինչպիսին օրինակ՝ 1969թ-ի Լուսնի վրա վայրէջքի 50-ամյակը. 1969թ-ի հուլիսի 20-ին Նիլ Արմսթրոնգը առաջին մարդն էր, ով ոտք դրեց Լուսին:
Ավելին կարող եք իմանալ՝ անցնելով հետևյալ հղումով https://www.iau-100.org/
Մելինե Ասրյան