Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.03.2019
ՍԵՄԻՆԱՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
Ս.թ. մարտի 28-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանում անցկացվեց ընդհանուր սեմինար: Սեմինարով հանդես եկավ ԲԱ ավագ գիտաշխատող, ֆմգթ Արարատ Եղիկյանը՝ ներկայացնելով «Ցածր էներգիաներով տիեզերական մասնիկները աստղաֆիզիկայում» թեմայով ընդհանրացված զեկույցը:
Զեկուցման շրջանակներում քննարկվեցին ցածր (1 ՄէՎ և ավելի) էներգիաներով գալակտիկական տիեզերական մասնիկների (ԳՏՄ) առաջացումը, տարածումը միջաստղային ամպերում և փոխազդեցությունը միջավայրի հետ: Հիմնական աղբյուրները հանդիսանում են Գերնոր աստղերը, բայց քննարկվեցին նաև այլ աղբյուրներ, որոնք կարևոր են տեղական իմաստով, օրինակ, մոլորակաձև միգամածությունների, WR, O, B աստղերի քամիները, արեգակնային քամին և այլն:
Ցույց տրվեց, որ Ֆերմի 1 մեխանիզմը կարող է ապահովել հարվածային ալիքի ճակատում ԳՏՄ-ների հետ համեմատ մի քանի կարգով գերազանցող հոսքեր: Մանրամասն քննարկվեց ՄէՎ-անոց տիեզերական մասնիկներից սկսվող մոլեկուլային ամպերի աստղաքիմիան:
Տիեզերական մասնիկներն են ապահովում ամպերի ներքին շրջանների կորպուսկուլային և գերմանուշակագույն ճառագայթահարումը, կուտակելով (ամպի կյանքի ընթացքում) ճառագայթման դոզան, որը գերազանցում է լաբորատոր շեմային արժեքները: Այն կարևոր է ճառագայթային-քիմիական փոխակերպումների համար:
Մելինե Ասրյան
![](images/017_1.jpg)
![](images/017_2.jpg)