Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.03.2019
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Եվրոպական "Astronomy & Astrophysics" աստղագիտական ամսագրում լույս է տեսել երիտասարդ աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող ՆԱԻՐԱ ԱԶԱՏՅԱՆԻ գիտական հոդվածը՝ «IRAS 05168+3634 աստղառաջացման տիրույթի աստղային բնակչության ուսումնասիրություն» վերնագրով: Այս աշխատանքում հեղինակի կողմից ուսումնասիրման օբյեկտ է հանդիսացել այնպիսի տիրույթ, որտեղ առաջանում են նոր աստղեր: Նմանատիպ տիրույթներում նորածին աստղերն ընկղմված են մեծ քանակությամբ գազի և փոշու մեջ, որոնց պատճառով դրանք տեսանելի չեն: Այսպիսի տիրույթների ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել Երկրագնդի մթնոլորտից դուրս ուղարկված տիեզերական դիտակների շնորհիվ, որոնց օգնությամբ կարող ենք տեսնել այդ տիրույթների աստղային բնակչությունը:
Հեղինակի ընդգծմամբ այս ուսումնասիրության կարևորությունը կայանում է նրանում, որ այդպիսի տիրույթների ուսումնասիրությունը թույլ է տալիս ունենալ տեղեկատվություն՝ միաժամանակ տարբեր՝ ավելի քան հազարի հասնող օբյեկտների համար, քանի որ վերոնշյալ տիրույթներում տեղակայված երիտասարդ աստղերը, ծնված լինելով միևնույն մոլեկուլային ամպից, ունեն նույն քիմիական հատկությունները: Այդ ամենը հնարավորություն է տալիս մեզ հասկանալ, թե ինչպես են առաջացել աստղերը։
Գիտական հանդեսն ունի միջազգային բարձր վարկանիշ, և այնտեղ տպագրվելն ունի լուրջ բարդություններ: Տպագրության առաջադրված հոդվածը պետք է առավելագույնս զերծ լինի անճշտություններից՝ թե տեքստային, թե մասնագիտական առումով: Ներկայացված չափանիշների պահպանումը վերահսկվում է մի քանի մակարդակով. Խմբագրի կողմից վերանայվելուց բացի՝ հոդվածը ներկայացվում է մանրակրկիտ գրախոսության: Աշխատանքի մեջ յուրաքանչյուր ձևակերպում պետք է ունենա հստակ հիմնավորում՝ միաժամանակ կրելով նաև հեղինակի եզրահանգումներն ու մասնագիտական դիտարկումները: Այս գիտական հանդեսի բարձր վարկանիշի մասին է վկայում նաև նրա ունեցած բարձր ազդեցության գործակիցը (5.5), որը գոյանում է բոլոր հեղինակների հղումների քանակից, որոնց աշխատանքների համար այս հանդեսում տպագրված հոդվածներն ունենում են սկզբնաղբյուրային արժեք:
Հղումը՝ http://adsabs.harvard.edu/abs/2019A%26A...622A..38A
Նվարդ Մելիքյան