Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.02.2019
ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՍՏՂԱԳԵՏ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ
Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում կայացավ ընդհանուր սեմինար՝ նվիրված ամերիկահայ նշանավոր աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, ՀՕՖ-ի ANSEF գիտական խորհրդի նախագահ Երվանդ Թերզյանի ծննդյան 80-ամյակին:
Սեմինարի ընթացքում ելույթով հանդես եկավ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ով ներկայացրեց Երվանդ Թերզյանի կյանքն ու գործունեությունը, աշխատանքն ու ձեռքբերումները: Ելույթին հաջորդած քննարկման ժամանակ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արարատ Եղիկյանը խոսեց Ե.Թերզյանի՝ Բյուրականի աստղադիտարանին ցուցաբերած աջակցության և նրա հետ գիտական համագործակցության մասին։ Երվանդ Թերզյանը մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել աստղադիտարանին՝ գիտաշխատողներին ներառելով գիտական տարբեր ծրագրերում։
ՀՕՖ-ի Գիտական ու կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը սեմինարին խոսեց Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի ANSEF հիմնադրման ու գործունեության մասին՝ անդրադառնալով ANSEF-ի հիմնադրման աշխատանքների կազմակերպման գործում պրոֆեսոր Թերզյանի անգնահատելի դերին:
Սեմինարին աստղադիտարանի աշխատակից Սոնա Ֆարմանյանը ևս հանդես եկավ ելույթով և շատ հետաքրքիր դրվագներ պատմեց Թերզյանի Հայաստան այցից։ «2014 թվականին Սևանավանքում ես ու պարոն Թերզյանը մոմավաճառ դպրոցահասակ մի տղայի տեսանք։ Նա այդ հանդիպումից հետո ինձ խնդրեց ուսումնասիրել, թե ինչ կարող է անել ինքը երեխաներին օգնելու համար, ու մենք նախաձեռնեցինք ամառային աստղագիտական ճամբարը»,- նշեց Սոնան։ Աստղագիտական ճամբարը ՀՕՖ-ի ու Աստղադիտարանի համագործակցության շնորհիվ՝ Թերզյանի աջակցությամբ, արդեն 4 տարի է հյուրընկալում է Հայաստանի դպրոցականների:
Մելինե Ասրյան
![](images/005.jpg)