Բյուրականի աստղադիտարանի այգին որպես
ՀՀ պահպանվող տարածք՝ դենդրոպարկ
Բյուրականի ստղադիտարանի ամբողջ տարածքը բնապահպանական տեսանկյունից իրենից մեծ արժեք է ներկայացնում։
Նախկինում Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի միջև գործում էր համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցները ցուցակագրել և նախնական ուսումնասիրության են ենթարկել աստղադիտարանի այգու ծառատեսակները։
2017թ․ նոյեմբերի 20-ին ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքները, որոնք հարուստ բուսական ու կենդանական աշխարհ ունեն, ստացել են դենդրոպարկի կարգավիճակ:
Շուրջ 30 հա այգիներում կան 80 ծառատեսակ և բուսատեսակ, այն հայտնի է նաև իր հազվագյուտ ծառատեսակներով, որոնցից մի մասի սերմերը արտասահմանյան երկրներից անձամբ բերել է Վիկտոր Համբարձումյանը։ Այգու ծառատեսակներից են 10-ից ավելի տեսակի եղևնիներ, այդ թվում հազվագյուտ արծաթափայլ եղևնիներ, սոճի, տույա, կաղնի, ռուսական կեչի, հացենի, բարդի, լորենի, մրգատու ծառերից՝ ծիրանենի, տանձենի, դեղձենի, ընկուզենի, խնձորենի, սալորենի, բալենի, սերկևիլենի, սզնի (ալոճենի) և այլն։
արծաթափայլ եղևնի ель Spruce Pícea |
հացենի хлеб Ash Fraxinus |
լորենի липа Lindens Tillia corcata |
կաղնի дуб Oak Quercus |
սզնի боярышник Hawthorns Crataégus |
տույա туя Thuja Thúja |
Բյուրականի աստղադիտարանի դենդրոպարկը, լինելով հարուստ բուսականությամբ այգի, գրավում է կենդանական աշխարհի, միջատների բազմաթիվ տեսակների․ կարելի է նշել նապաստակներին, ոզնիներին, գետնասկյուռներին, խլուրդներին և այլն։
Հայաստանը հայտնի է թռչունների իր բազմազանությամբ․ հայտնի է, որ Եվրոպայում տարածված թռչունների 535 տեսակներից 349-ը հանդիպում են Հայաստանում։ Դրանից անմասն չի մնացել նաև Բյուրականի աստղադիտարանը։ Այստեղ կարելի է հանդիպել փայտփորիկների, հոպոպների, կեռնեխների, սարյակների, ճայերի (անտառային կաչաղակների), ագռավների, կաչաղակների, բվերի, տատրակների, մեղվակերների, երաշտահավերի, կարմրատտերի, խաղատտերի, սոխակների, ճնճղուկների, ամուրիկների, երբեմն՝ պիրոլների, խածկտիկների։
ճայ сойка jay Garrulus glandarius |
կեռնեխ дрозд thrush Turdus |
խաղատուտ трясогузка wagtail Motacilla |
փայտփոր дятел woodpecker Picidae |
բու сова owl Strigiformes |
սոխակ соловей nightingale luscinia megarhynchos |
Հետաքրքրական է, որ աշխարհի մի շարք այլ աստղադիտարաններ իրենց տարածքն ու այգին ձևավորել են Բյուրականի աստղադիտարանի այգու նմանությամբ՝ գիտնականների և այցելուների համար հաճելի աշխատանքի ու ժամանցի վայր ստեղծելով։